Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրն է. ինքը «նամուս» ուներ. Գուրգեն Եղիազարյան

20:36 • 03.02.14

-Պարո´ն Եղիազարյան, 1998 թթ. այս օրը հրաժարական տվեց ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «հայտնի պատճառներով»...


- Թե ինչ կատարվեց այն ժամանակ, չգիտեմ, ես ներկա չեմ գտնվել այդ քննարկումներին: Ձեզ կարող եմ ասել այն, ինչի մասին նշել եմ միշտ, և դա բազմիցս ապացուցվել է. եթե այն ժամանակ լսեին երկրի առաջին Նախագահին, հիմա Հայաստանի վիճակը չափազանց լավ կլիներ, այս դժոխքի մեջ չէինք գտնվի:


- Ինչո՞ւ:


- Որքան ինձ հայտնի է՝ այն ժամանակ այսպիսի առաջարկություն կար, որ մենք հանձնում ենք ազատագրված տարածքները՝ բացի Քելբաջարից և Լաչինից, իսկ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է 25 տարով: Դուք պատկերացնու՞ մ եք՝ 25 տարի անց ով ինչ պետք է ումից պահանջեր: Եվ դրա դիմաց մենք կստանայինք «Բաքու –Ջեյհանը», որը կանցներ Հայաստանի տարածքով, և մենք տրանզիտի համար կստանայինք ուղիղ մեր բյուջեին հավասար գումար՝ 400 միլիոն դոլար: Բացի այդ` Հայաստանը դուրս չէր մնա տարածաշրջանային ծրագրերից:

Կստանայինք մուտք՝ Ղարսի երկաթգծով դեպի Սև ծով: Մարդիկ կանգնեցին, ասացին` «ո´չ, դա մեզ ձեռք չի տալիս, պարո՛ն Նախագահ, Դուք կգնաք, մենք հարյուր տոկոսով կպահենք ազատագրված տարածքները և ոչ մի թիզ հող չենք տա»:


-Այսուհանդերձ, այս ընթացքում «ոչ մի թիզ»-ի մասով ոչ մի բան չի փոխվել:


-Դե` հիմա շատ-շատ բան է փոխվել: Փոխվել է այն, որ «Բաքու-Ջեյհանը» Հայաստանով չի անցնում, փոխվել է այն, որ մենք Սև ծով մուտք չունենք, փոխվել է այն, որ իմ և Ձեր երկիրն այսքան տարի շրջափակված է, փոխվել է այն, որ ամեն օր սահմանի վրա երեխա է զոհվում: Այ` դա է փոխվել, շատ բանի հասած կլիներ մեր երկիրը, եթե այս շրջափակման ու ապաշնորհ ներքին քաղաքականության արդյունքում իմ և Ձեր երկիրը չհայաթափվեր:


-Իրականում այդ հայաթափումը՝ արտագաղթը, որպես կանոն պայմանավորում եք շատ ու շատ ուրիշ բաներով` կոռուպցիա, սոցիալական վիճակ, «մարտի մեկ», ամեն ինչ , բայց` ո´չ շրջափակում: Այսինքն՝ ներքին խնդիրներ, ո´չ թե Ղարաբաղի խնդիր:


-Ես ասեմ,  որ ստորագրում եմ այդ ամենի տակ, ինչ թվարկեցիք՝ կոռուպցիա, սրիկայություններ, ծախված դատարաններկ: Գումարած՝ շրջափակումն ու Ղարաբաղի հարցը:


-Հիշում եմ, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը , որի հետ ՀԱԿ-ը հիմա բավականին ջերմ հարաբերություններ ունի, ժամանակին հայտարարեց, որ Հայաստանը կարող է 100 տարի էլ շրջափակման մեջ ապրել:


- Այդ հայտարարողը հիմա կա, չէ՞, նրան հարցրեք այդ մասին, ես դա չեմ կարող մեկնաբանել:


-Լևոն Տեր-Պետրոսյանի Նախագահի հրաժարականի միակ դեպքն էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ըստ Ձեզ՝ դա ինչի՞ մասին է խոսում: Երբևէ իշխանության ներսում չե՞ն եղել ճգնաժամեր, որ հրաժարականներ չեն եղել երբևէ:


-Հրաժարականի համար մարդ, նախևառաջ, պետք է «նամուս» ունենա: Եթե  «նամուսի» գործոնը չկա, հրաժարական երբեք չի լինի: