Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու հարցն անհաջողության է մատնվել. Իտալիայի արտգործնախարար
Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն հայտարարել է, որ միջազգային հանրությունն անհաջողության է մատնվել Սիրիային մարդասիրական օգնություն ապահովելու հարցում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ France Presse-ին հղումով։
Նման հայտարարությամբ Իտալիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել Հռոմում համաժողովի բացմանը, որի հիմնական խնդիրը Սիրիայում հումանիտար վիճակն է։
«Գործն առաջ չի գնում։ Ընդհակառակը, մենք պետք է խոստովանենք, որ միջազգային հանրությունն անհաջողության է մատնվել հումանիտար օգնություն ապահովելու հարցում»,-հայտարարել է Բոնինոն։
Իտալիայի արտգործնախարարից բացի, այդ հանդիպմանը մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը և ԵՄ միջազգային համագործակցության, հումանիտար և ճգնաժամային հարցերով հանձնակատար Քրիստալինա Գեորգիևան։
Սիրիայի հակամարտությունը, որը շարունակվում է արդեն մոտ 3 տարի, ավելի քան 130 հազար մարդու կյանք է խլել, մոտ 2.3 մլն սիրիացի փախստականի կարգավիճակ ունի։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում այժմ 9.3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի։










