Սպանության մեղադրանքով 1994թ.–ից հետախուզման մեջ գտնվող 72-ամյա անձը Հունաստանից տեղափոխվել է Հայաստան
Սպանություն կատարելու մեղադրանքով ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից 1994 թվականին հետախուզում էր հայտարարվել 1942 թ. ծնված Էդիկ Ո.-ի նկատմամբ: 1999 թ. հունիսին նրա կատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվել էր միջազգային հետախուզում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ժամանակահատվածից ի վեր Էդիկ Ո.-ի հավանական գտնվելու վայրերի մասին պարբերաբար ստացվող տեղեկատվության հիման վրա ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվել են մի շարք անհրաժեշտ միջոցառումներ:
Համագործակցելով Հունաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ` 2013 թ. հուլիսի 2-ին հետախուզվողը ձերբակալվել է Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքում և հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունվարի 31-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից նա Աթենք-Մոսկվա-Երևան չվերթով Հունաստանի Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:










