Մոսկովյան դպրոց ներխուժած անձը վնասազերծվել է. պարզվել է՝ նա դպրոցի աշակերտներից է (թարմացված)
13.19 Մոսկվայի Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցում 20-ից ավելի աշակերտի պատանդ վերցրած հանցագործը բաց է թողել նրանց, հայտնում է Лента-ն։
Հաղորդվում է, որ դպրոցից դուրս է եկել 29 աշակերտ, որոնց անհայտ անձը պատանդ էր վերցրել կենսաբանության դասասենյակում։
Ըստ Russia Today-ի՝ ուսուցիչներից մեկը սպանվել է, իսկ հանցագործն էլ՝ վնասազերծվել։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործն այդ դպրոցի աշակերտներից է։
Իրավիճակը սեփական վերահսկողության տակ է առել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
12.50 Մոսկվայի Օտրադնոյե շրջանի դպրոցներից մեկում տեղի է ունեցել սպանություն։ Լրագրողներին հաջողվել է պարզել, որ թիվ 263 դպրոց է ներխուժել հրացանով զինված տղամարդ՝ գնդակահարելով դպրոցի մուտքի մոտ հերթապահող ոստիկանին։
Ինչպես նշում է Лента-ն, այնուհետ տղամարդը պատանդ է վերցրել 10-րդ դասարանի 20-ից ավելի աշակերտի, որոնց տարիքը չի գերազանցում 15-ը։ Ըստ նախնական տվյալների՝ հանցագործն աշակերտներից մեկի հայրն է։
Ականատեսներից մեկը պատմել է, որ դպրոցի հարևանությամբ վայրէջք է կատարել ԱԻՆ ուղղաթիռը։ Շենքից արդեն տարհանվել են մյուս աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը։ Դեպքի վայր է ժամանել նաև շտապօգնության 5 մեքենա։
Life News-ը հաղորդում է, որ տղամարդը դասասենյակի պատուհանից կրակ է բացել դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ, ինչի հետևանքով 2 իրավապահ վնասվածք է ստացել։
Ներկայում հնացագործը որևէ պահանջ չի ներկայացրել։










