Պուտինը ողբերգություն է անվանել մոսկովյան դպրոցում տեղի ունեցած միջադեպը

18:16 • 03.02.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողբերգություն է անվանել այսօր Մոսկվայի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը և կոչ է արել ավելի շատ ուշադրություն հատկացնել աճող սերնդի դաստիարակությանը, գրում է РИА Новости-ն։

 

Մայրաքաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին երկրի ղեկավարը հիշատակել է Պսկովում։ Նա նշել է, որ Ռուսաստանում անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում նոր սերնդի դաստիարակության հարցերին, լավ գեղագիտական ճաշակին, գրեթե չեն ստեղծվում պատանի հանդիսատեսի նոր թատրոններ։

 

«Անհրաժեշտ է դաստիարակել հանդիսատեսի նոր սերունդ՝ լավ գեղարվեստական ճաշակով, ովքեր կարողանում են հասկանալ և գնահատել թատերական, դրամատիկ, երաժշտական արվեստը։ Եվ եթե մեզ մոտ դա արվեր, ինչպես հարկն է, ապա, հնարավոր է, այսօրվա ողբերգությունը չէր լինի»,- ասել է Պուտինը։

 

Հիշեցնենք, որ բարձր դասարանների աշակերտներից մեկը զինված ներխուժել էր դպրոց, պատանդ վերցրել ուսուցիչներին և աշակերտներին։ Մինչ այդ նա սպանել էր մի ուսուցչի և ոստիկանի։ Նա ձերբակալվել է։