Առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում, խմբակցությունը պետք է ունենար գործող ղեկավար. Ռ. Հակոբյան

22:28 • 03.02.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով այսօր՝  5-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, դարձավ խմբակցության ղեկավար, այդ փոփոխությունը բացատրում է առկա իրավիճակով. ըստ նրա՝ առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ տեղի կունենան, որի կիզակետում կլինի նաև Ազգային ժողովի ամբիոնը։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առջևում կարևոր գործընթացներ է ակնկալում և որպես խմբակցության անդամ՝ որոշակի պատասխանատվություն է կրում խմբակցության ընդհանուր գործունեության համար։

 

-Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս ստացվեց, որ կրկին Դուք դարձաք խմբակցության ղեկավարը:

 

-Իրավիճակի թելադրանքով: Կարծում եմ, որ առաջիկայում քաղաքական լուրջ զարգացումներ տեղի կունենան, որի կիզակետում կլինի նաև Ազգային ժողովի ամբիոնը, և բնական է, որ խմբակցությունը գործող ղեկավար ունենար: Այս հարցը երկար ժամանակ քննարկվում էր թե՛ խմբակցությունում, թե՛ վարչությունում, և ես համաձայնեցի առաջարկությանը՝ ղեկավարել խմբակցությունը՝ ելնելով իրավիճակից:

 

-Պարո՛ն Հակոբյան, Թևան Պողոսյանի հրաժարականի դիմումից հետո բազմաթիվ սցենարներ էին շրջանառվում, և դրանցից մեկն այն էր, որ «Ազատ դեմոկրատների» հաջորդ անդամի գալուց հետո «Ժառանգության» դեմ գործընթացներ են սկսվելու, որ Խաչատուր Քոքոբելյանը կվերադառնա: Արդյո՞ք նման հեռանկարը Ձեզ ստիպեց վերադառնալ: Եվ, առհասարակ, նման զարգացումները հնարավո՞ր էին:

 

-Ես միշտ հումորով էի վերաբերում նման մեկնաբանություններին և առ այսօր էլ հումորով եմ վերաբերում: Ես բացարձակապես նման մտահոգություն չեմ ունեցել:

 

-Իսկ այն խնդիրները, որոնք կային Ձեր և Զարուհի Փոստանջյանի միջև, որոնց պատճառով հրաժարվեցիք խմբակցության ղեկավարի պաշտոնի՞ց: Կարո՞ղ եք այս անգամ չակերտները մի փոքր բացելով՝ ներկայացնել պատճառները:

 

-Ես հենց այն ժամանակ բազմիցս նշել էի, որ իմ՝ խմբակցության ղեկավարի պաշտոնը թողնելու որոշումը շատ ավելի շուտ էր կայացվել և փոխանցվել Րաֆֆի Հովհաննիսյանին, քան` Զարուհու հայտնի ելույթը Բրյուսելում: Ուղղակի, կրկնում եմ, առջևում կարևոր գործընթացներ եմ ակնկալում և մյուս կողմից` որպես խմբակցության անդամ որոշակի պատասխանատվություն եմ կրում խմբակցության ընդհանուր գործունեության համար: Եթե ուզում եք անպայման պատճառ գտնել, սրանք էին իմ համաձայնվելու պատճառները:

 

-Ձեր ղեկավարման օրոք կշարունակի՞ խմբակցությունը մաս կազմել այն գործընթացներին, որ այս շրջանում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը համատեղ են անում. համատեղ դիմում ՍԴ, նախկինում՝ հանրահավաք, առաջիկայում՝ համատեղ հարցեր, որոնք յուրաքանչյուր քառօրյայի պետք է առաջադրվեն համատեղ ուժերով:

 

-Ես ԱԺ ամբիոնից բազմիցս եմ հնչեցրել, որ ստեղծված իրավիճակում հասարակական քաղաքական պահանջ է ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունը: Եվ խմբակցությունը եղել է այդ համագործակցության ձևավորման նախաձեռնողներից մեկը: Եվ այժմ էլ խմբակցությունը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ոչ իշխանական ուժերը ո՛չ միայն շարունակեն համագործակցությունը, այլև ընդլայնեն այդ համագործակցության քաղաքական օրակարգը:

 

-Հայտնի է, որ «Ազատ դեմոկրատները» մեծ հույսեր էին փայփայում, որ իրենց պատգամավորները…

 

-Թող շարունակեն փայփայել այդ հույսերը, ինչ-որ սցենարներ կառուցել, դա իրենց գործն է:

 

-Իսկ Թևան Պողոսյանի հայտարարության պատճառների մասին ի՞նչ կարող եք ասել՝ ինչո՞ւ էր ուզում հրաժարվել, հետո փոշմանեց:

 

-Թևան Պողոսյանը թե՛ իր հրաժարականի, թե՛ դիմումը հետ վերցնելու հետ կապված շատ ամփոփ ու պարզ պատասխանել է: Որոշումը բացառապես անձնական դաշտում էր: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանին՝ նա այն եզակի պատգամավորներից է, ով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ցույց տալ, որ իսկապես պատրաստ է պրոֆեսիոնալ պառլամենտական գործունեությանը, ունի թե՛ մտավոր, թե՛ քաղաքական և թե՛ ինտելեկտուալ ռեսուրս: Եվ իհարկե` այս ընթացքում շատերը, այդ թվում՝ ես, հորդորեցինք, զրուցեցինք Թևանի հետ, որ ետ կանգնի իր նախնական որոշումից:

 

Եվ կարծում եմ, որ Թևան Պողոսյանն իր աշխատանքով էլ ավելի մեծ չափով ցույց կտա իր պրոֆեսիոնալիզմը թե՛ միջազգային կառույցներում, թե՛ քաղաքական դաշտում: Ու շատ ճիշտ է, որ չկորցնենք նման խորհրդարանականի: