Ռուբիկ Հակոբյանը՝ «Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին օրը, հայտարարեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը նոր ղեկավար ունի` Ռուբիկ Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ խմբակցությունը նիստ է հրավիրել և որոշում ընդունել, որ նոր ղեկավար կլինի Ռուբեն Հակոբյանը, իսկ քարտուղար՝ Թևան Պողոսյանը, ով մինչ այդ հայտարարել էր, թե հրաժարվում է մանդատից, ապա որոշում կայացրել, որ հետ է վերցնում։
Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը նախկինում եղել է խմբակցության ղեկավար, սակայն նույն խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խաղատանը գումար տանուլ տալու հարցից հետո, խմբակցությունում անդամների միջև հարաբերությունները լարվեցին, ինչն ավարտվեց Ռուբիկ Հակոբյանի անսպասելի հրաժարականով: Վերջինս այն ժամանակ ասել էր, որ ինքը նման հարց չէր տա Սերժ Սարգսյանին, իսկ Զարուհի Փոստանջյանն իր հերթին ասել էր, թե Ռուբիկ Հակոբյանը այլ սերնդի ներկայացուցիչ է:
Թևան Պողոսյանը լրագրողներին հրաժարվեց պարզաբանում տալ իր հայտարարությունների և այն մասին, թե ինչու հետ վերցրեց մանդատը։
«Իմ որոշումներն իմ անձնական խնդիրների դաշտում են եղել, քանի որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունի`ոչ էլ ցանկություն ունեմ հանրային քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա:










