Ամերիկացի սնոուբորդիստուհու ծնողները վաճառել են իրենց կովերին՝ դստերը Սոչի ուղարկելու համար
Ամերիկացի սնոուբորդիստուհի Քեթլին Ֆերինգթոնի ծնողները ստիպված են եղել վաճառել իրենց ֆերմայի բոլոր կովերին, որպեսզի դուստրը կարողանա մասնակցել Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, 24-ամյա մարզուհին խոստովանել է, որ անհրաժեշտ մարզական վճարումներն անելու համար իր ծնողները վաճառել են Այդահո նահանգում գտնվող իրենց ֆերմայի բոլոր կովերին։
«Ծնողներս ինձ շատ օգնեցին, քանի որ հասկանում էին, որ ես սիրում եմ սնոուբորդինգը։ Նրանք ցանկանում են, որպեսզի ես հաջողության հասնեմ սպորտի բնագավառում»,-նշել է երտասարդ մարզուհին։
Նշվում է, որ Ֆերինգթոնն առաջին անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Մինչ այս ամերիկուհին մրցանակային տեղեր է զբաղեցրել տարբեր առաջնություններում։










