Գերմանիան «մեղք գործած» նախարարին կուղարկի Վատիկան՝ որպես դեսպան
Գերմանիան պատրաստվում է Վատիկանում դեսպան նշանակել կրթության նախկին նախարար Անետա Շավանին, որը մեղադրվել էր գրագողության համար: Այդ մասին սեփական աղբյուրներին հղմամբ հաղորդել է Süddeutsche Zeitung–ը, գրում է lenta.ru-ն:
Վատիկանում ներկայիս դեսպանը՝ Ռեյնհարդ Շվեպեն, իր լիազորությունները վայր կդնի 2014 թվականի ամռանը: Շավանի նշանակման մասին տեղեկությունը դեռ չի մեկնաբանում ոչ նա, ոչ բունդեսթագը:
Հայտնի է, որ Շավանը կաթոլիկ է: Բացի այդ, նա մի ժամանակ եղել է Գերմանացի կաթոլիկների կենտրոնական հանձնաժողովի փոխնախագահը:
Շավանը Գերմանիայի կրթության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել 2013 թվականի փետրվարի սկզբին, սկանդալից հետո, որը կապված էր գիտությունների դոկտորի աստիճանից նրան զրկելու հետ: Դյուսելդորֆի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը որոշում էր կայացրել, որ «Ինքնություն և խիղճ» դիսերտացիայի որոշ հատվածներ, որը նա պաշտպանել էր 1980 թվականին, արտագրված են եղել: Շավանը բողոքարկել է իրեն աստիճանից զրկելու որոշումը: Այդ հարցով դատական նիստը նշանակված է մարտին:










