YouTube-ն արգելափակել է Ավստրալիայի վարչապետի հոլովակը
YouTube կայքի օպերատորներն արգելափակել են Ավստրալիայի վարչապետ Թոնի Աբոթի նոր տեսահոլովակը, որում նա պատմում է նախընտրական խոստումների կատարման մասին, գրում է Взгляд-ը։
Արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգտատերերից մեկը հոլովակը դիտելուց հետո բողոքել է դրա բովանդակությունից։ Արդյունքում հոլովակն անհասանելի է դարձել դիտումների համար։
Ինչպես այսօր հայտնել է Ավստրալիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, հոլովակի հեռարձակման արգելքն արդեն հանված է։ Նա պարզաբանել է, որ YouTube-ի օպերատորներն ընդունել են իրենց սխալը և ներողություն խնդրել կատարվածի համար։
«Եկեք արդար լինենք YouTube-ի հանդեպ. Աբոթը, դառնալով վարչապետ, խախտել է իր նախընտրական բազմաթիվ խոստումները»,- գրել է ավստրալացի օգտատերերից մեկը։










