«ՀայՌուսգազարդն» ինձ հասցրել է կործանման. Ֆերմեր
«Հասար» ՍՊԸ-ի տնօրեն, Լոռու մարզի Գյառգյառ գյուղի ֆերմեր Սամվել Հարությունյանը բողոքում է, որ «ՀայՌուսգազարդ» (ներկայում «Գազպրոմ Արմենիա») ընկերությունը տարիներ առաջ ապօրինաբար անջատել է գազը իր ջերմոցային տնտեսությունում, և ինքն արդեն 7 տարի է, ինչ դատական քաշքշուկների մեջ է:
«Ընկերությունն ինձ հասցրել է կործանման: Արդեն վեց տարին լրանում է, ջերմատները չեն գործում: Սրանով միայն ինձ չեն վնասել, իրենց բյուջեին են վնասվել, աշխատատեղեր են փակվել, վերջապես հարյուրավոր տոննա գյուղմթերք չի արտադրվում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց նա։
Ֆերմերի ներկայացմամբ՝ գազը միացնելու համար ընկերությունը 5000 դոլար կանխավճար է պահանջել, հետո կեղծել է իրենց միջև գործող պայմանագիրը և ներկայացրել Վերաքննիչ դատարան, իբր հոկտեմբեր ամսից պայմանագրով դադարեցրել են գազամատակարարումը:
«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ այդ պայմանագիրը կեղծված է»,- ասաց նա՝ ընկերության գործողությունները որակելով որպես մենաշնորհ դիրքի չարաշահում:
«Այս յոթ տարիներին դատական համակարգի կատարված որոշակի ապօրինությունների փաստերով դիմել եմ նախագահին, դիմել եմ արդարադատության խորհուրդ և այլն, բայց ոչ մի արդյունք»,-ասաց նա:
Նյութը թողարկելու պահին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չստացվեց։










