Ալլա Լևոնյանը դեմ է «կուտակային»–ին, բայց պայքարի դուրս կգա հանուն եկեղեցու, բանակի ու լեզվի
Երգչուհի Ալլա Լևոնյանը թեև այս պահին ևս դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, սակայն չի միանում «Դ!եմ եմ» նախաձեռնությանը, քանի որ, իր իսկ խոսքով, իրեն զերծ է պահում ավելորդ ծայրահեղ քայլերից:
«Ես ինքս պայքարող տեսակ եմ, այնպես չէ, որ լուռ եմ: Այս դեպքում ոչ թե վախենում եմ կամ ամաչում, ոչ, ես իմ կարծիքը միշտ ասում եմ, բայց ես դրա համար չեմ պայքարի, որովհետև ինձ համար ավելի լուրջ, կարևոր բաներ կան՝ բանակը, եկեղեցին ու լեզուն: Այսպիսի բաների ժամանակ ես կլինեմ իրենց կողքին: Բայց ես էլ եմ դեմ, ու եթե ժողովուրդը այս պահին դեմ է այդ համակարգին, ուրեմն իշխանությունը պետք է հետաձգի: Մարդիկ այս պահին պատրաստ չեն այդ փոփոխությանը, պետք է հասցնել, կամաց-կամաց բերել նրան, որ մարդիկ հասկանան դրա օգուտը»,-ասաց Ալլա Լևոնյանը:
Ի պատասխան դիտարկմանը, թե հայտնի անձանց մասնակցությունը նպաստում է պայքարի արդյունավետությանը, նա ասաց. «Իհարկե, երբ որ հասարակությանը միանում են հայտնի դեմքեր, պայքարին օգնում են, բայց հետո էլ քննադատում են և ասում, թե երգիչը ինչո՞ւ պետք է քաղաքականությամբ զբաղվի՝ մոռանալով, որ այդ երգիչը նաև այս երկրի քաղաքացին է: Եթե մենք ընտրական համերգներին գնում ենք, ասում են՝ ինչի եք գնում: Եղան երգիչներ, որոնց մասին շատ վատ բաներ գրեցին, թեև պետք է նշեմ, որ հաճախ այդ նույն երգիչները ճիշտ չեն դրսևորում իրենց, խոսքի մեջ կոռեկտ չեն: Կարելի է կարծիք հայտնել, բայց չի կարելի չափը անցնել ու մարդկանց վատ տրամադրել»,-ասաց նա:
Երգչուհին հիշեցրեց, որ ինքն էլ է պարբերաբար մասնակցում նախընտրական քարոզարշավների շրջանակում անցկացվող համերգներին, բայց ընդգծեց, որ դա միջոց է հեռավոր մարզերի բնակիչներին հանդիպելու ու նրանց համար երգելու:
«Եթե ինձ հիմա ասեք՝ գնա բոլոր մարզերը համերգների, ես ինքս դրա համար գումար չեմ ուզի, բայց տեխնիկան վարձելու և մի շարք այլ հարցերի համար գումար է պետք: Ես դա հիմա անել չեմ կարող, ոչ էլ կգնամ ինչ-որ մարդկանց խնդրելու: Իսկ քարոզարշավները հարմար առիթ են ժողովրդի հետ լինելու: Մի մոռացեք նաև, որ այս երկրում ենք և կարող ենք ունենալ մեր կողմնորոշումը: Ես չեմ ասում, որ ընդդիմություն չպետք է լինել, այլ «Հանրապետական», բայց իմ համար ընդունելի է վերջինը»,– ասաց նա:
Հարցին` գուցե հենց Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավին ունեցած իր մասնակցությո՞ւնն է խանգարում հասարակության հետ մի շարք սոցիալական հարցերի դեմ ուղղված պայքարին միանալուն, պատասխանեց. «Ամենևին, ես ինքս բացահայտ ասում եմ, որ կան բաներ, որոնց դեմ եմ, իդեալական չէ ոչ մի բան: Եթե ՀՀԿ-ի հրավերով գնացել եմ երգելու ժողովրդի համար, չի նշանակում, որ ինչ տեսնում եմ՝ իդեալական է: Նույն «կուտակային»–ի հարցին եմ դեմ, գազի հարցը։ Մարդկանց վիճակը բարելավելու խնդիր կա այսօր, բայց նաև մենք պետք է օգնենք իրար: Անընդհատ դեմ լինելով՝ որևէ բանի չենք հասնի: Կան մարդիկ, որոնք միայն խոսում են»,-ասաց նա:
Ալլա Լևոնյանն ընդգծեց, որ ինքն իր պայքարը մղում է՝ եկեղեցու հետ մի շարք միջոցառումների մասնակցելով:
«Պարտադիր չի՝ ես բարձր ասեմ՝ ինչո՞ւ ես դու աղանդավոր, բայց սա էլ իմ պայքարի ձևն է, որով ցույց եմ տալիս, որ պետք չէ կրոնական կազմակերպությունների մեջ ներգրավվել, այլ պետք է լինել եկեղեցու կողքին: Ես կողմ եմ հանդուրժողական պայքարին, բայց չեմ էլ հասկանում այն մարդկանց, ովքեր կարծիք չունեն»,-ասաց նա:










