Ամերիկացիներին զայրացրել է Coca-Cola-ի «հակահայրենասիրական» գովազդը (տեսանյութ)
ԱՄՆ-ում համացանցի բազմաթիվ օգտատերեր վրդովվել են Սուպերբոուլի ժամանակ ցուցադրված Coca-Cola-ի գովազդից, որտեղ «America the Beautiful» երգը («Գեղեցիկ Ամերիկա») հնչել է մի քանի լեզուներով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Public Shaming-ին:
Ընկերությունը «It’s Beautiful» անվանումով տեսահոլովակում ցույց է տվել Ամերիկայի խոշոր ազգային փոքրամասնություններին: Գովազդում հնչել է յոթ տարբեր լեզու՝ իսպաներեն, տագալերեն, հինդի, արաբերեն, ֆրանսերեն, չինարեն և անգլերեն:
Համացանցի շատ օգտատերեր Coca-Cola-ի գովազդը հակահայրենասիրական են անվանել՝ հայտարարելով, որ երգը չի կարող հնչել անգլերենից բացի այլ լեզուներով: Նրանք սկսել են Twitter-ում վիրավորական գրառումներ անել:
Հաղորդավար Գլեն Բեքը նույնպես քննադատել է Coca-Cola-ի գովազդը՝ նշելով, որ այն արվել է մարդկանց քաղաքականապես բաժանելու համար: «Եթե այն ձեզ դուր չի գալիս, եթե այն ձեզ վիրավորում է, դուք ռասիստ եք: Եթե այն ձեզ դուր է գալիս, դուք պաշտպանում եք ներգաղթը»:










