Samsung-ը Galaxy S5 սմարթֆոնը կներկայացնի փետրվարի 24-ին. Daily Mail

17:05 • 04.02.14

Հարավկորեական Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր երկար սպասված Galaxy S5 սմարթֆոնն այս ամսվա 24-ին, գրում է Daily Mail-ը։

 

Բրիտանական պարբերականը հիմնվում է այն փաստի վրա, որ Samsung-ը մի շարք խոշոր լրատվամիջոցների ու հրատարակչությունների լրագրողներին հրավիրատոմս է ուղարկել՝ ներկա գտնվելու այդ օրը Բարսելոնայում կայանալիք Համաշխարհային բջջային համաժողովի շրջանակներում տեղի ունենալիք միջոցառմանը։

 

Ըստ ամենայնի՝ տեխնոլոգիական հսկան կներկայացնի Galaxy S5-ը, ինչպես նաև Gear սմարթվոչի թարմացված տարբերակը։ Ենթադրվում է, որ նորույթները վաճառքում կհայտնվեն արդեն ապրիլին։

 

Ինչ վերաբերում է սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 5.25 դյույմանոց անկյունագծով Super AMOLED էկրան, Exynos 6 / Snapdragon 805 պրոցեսոր, 16 մեգապիքսելանոց տեսախցիկ, Android 4.4 KitKat օպերացիոն համակարգ։ Հայտնի է, որ այն հասանելի կլինի 2 տարբերակով՝ մետաղական և պլաստմասսայե կորպուսով։
 

Samsung-ը Galaxy S5 սմարթֆոնը կներկայացնի փետրվարի 24-ին. Daily Mail