Հայաստանն ու իր գործընկերները պետք է որոշեն՝ որքան արագ անդամակցել ՄՄ-ին. ԱՄՆ դեսպան
Հայաստանն ու իր գործընկերները պետք է որոշեն, թե որքան արագ պետք է լինի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Չեխիայում օրերս արած հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հնարավորինս արագ անդամակցի Մաքսային միությանը:
«Ես հարգում եմ Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշումը: Հայաստանի որոշումն է՝ միանալ այս կամ այն խմբին, որին ուզում է։ Դա գործընթաց է Հայաստանի և իր գործընկերների միջև»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն դա մեջ դեր չունի:
Հիշեցնենք, որ Չեխիա կատարած պետական այցի ժամանակ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասել է, թե ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է հնարավորինս արագ և որակով անել. «Եթե մենք որոշել ենք միանալ ՄՄ-ին, ապա դա պետք է անենք հնարավորինս արագ, ինչո՞ւ դանդաղեցնենք»:










