Նացիստական ռեժիմի կողմից հրեաների սպանությունը ողբերգական ու դաժան երևույթ էր. Իրանի ԱԳ նախարար
Իրանի իշխանությունները, որոնք այժմ փորձում են բարելավել հարաբերություններն Արևմուտքի հետ, փոխել են իրենց դիրքորոշումը Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած Հոլոքոստի վերաբերյալ, գրում է Al Arabiya-ն։
Մասնավորապես, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մյունխենում ընթացող Միջազգային անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ նացիստական ռեժիմի կողմից հրեաների սպանությունը «ողբերգական ու դաժան երևույթ էր, որն ապագայում չպետք է կրկնվի»։
Պաշտոնյան ընդգծել է, որ իրենք հրեաների դեմ ոչինչ չունեն, սակայն միևնույն ժամանակ Զարիֆը հիշեցրել է, որ անցած 60 տարվա ընթացքում Իսրայելը ոտնահարել է պաղեստինցիների իրավունքները։
Նախքան այս իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, անդրադառնալով Հոլոքոստի թեմային, այն բնութագրել են որպես «միֆ»։










