Ձյան առատ տեղումներ ու սառնամանիք Իրանում. փակվել են դպրոցներ, հետաձգվել՝ չվերթներ
Իրանում անցյալ շաբաթվա վերջից սկսված ձյան առատ տեղումների ու սառնամանիքների պատճառով փակվել են դպրոցները:
Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Իրանի համար աննախադեպ ցրտեր են ինչպես մայրաքաղաք Թեհրանում, այնպես էլ իրանական 20 նահանգներում:
Ձյան առատ տեղումների պատճառով փակվել են Թեհրան, Ալբորզ, Համադան, Քերման, Լորեստան, Սպահան, Գում, Ղազվին, Խորասան, Գուլիստան, Մազանդարան և այլ նահանգների դպրոցները:
Այդ նահանգներում սառած ճանապարհների և վատ տեսանելիության պատճառով փակվել են մի քանի մայրուղիներ, հատկապես լեռնային շրջաններում:
Եղանակային պայմանները որոշ նահանգների բնակչության համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացրել:
Մազանդարան նահանգի ճանապարհներին մնացած մարդկանց օգնելու համար հատուկ տեխնիկա և լրացուցիչ ուժեր են ուղարկվել Թեհրանից:
Քերման նահանգում ձյան տեղումների պատճառով հետաձգվել են մի շարք չվերթներ:










