ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել նվազեցնել լարվածությունը հայ-ադրբեջանական շփման գծում
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալթերն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու կապակցությամբ, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ կոչ եմ անում կողմերին լիովին օգտագործել արժեքավոր հնարավորությունները, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ ներկայացուցիչների այցերը սահման և շփման գիծ՝ լարվածությունը թուլացնելու նպատակով»,-ադրբեջանական գործակալությանն ասել է Բուրկհալթերը:
Վերջին ամիսներին շփման գծում լարվածությունն աճել է: Երկու կողմերն էլ հայտարարել են շփման գծում զինծառայողների շրջանում կորուստների, քաղաքացիական անձանց վիրավորվելու դեպքերի մասին:










