Շանթ Հարությունյանի որդուն ռազմագիտության ուսուցիչը ծեծի է ենթարկել
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին ռազմագիտության ուսուցիչը ծեծի է ենթարկել: Տեղի ունեցածի մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
Այս մասին Շահեն Հարությունյանը գրել է Facebook-ի իր էջում. «Այսօր օրս սկսվեց լավ, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի`ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասացին ինձ: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է: Բայց դասերի վերջում մայոր Գրիգորյանի կողմից, ռազմագիտության առարկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի:
Պատմեմ թե ինչպես է պատմությունը սկսվել: Երկու շաբաթ առաջ, դասի ժամանակ, մայորը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել ինձ: Ես պատասխանեցի շատ քաղաքակիրթ ձևով: Իսկ հետո խոսակցությունը հասավ Հայաստանի անկախությանը: Նա փորձում էր համոզել մեզ, որ մենք երբեք անկախ չենք եղել, չենք ու չենք լինի, և լավ է, որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները, որ զոհվել են ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող:
Ես իր ասածին առարկեցի: Նա ասաց, որ հոգեկան խանգարումներ ունեմ, քանի որ կարծում եմ՝ Հայաստանը պետք անկախ լինի, և Ռուսաստանի լծի տակ չլինելով՝ Հայաստանն ավելի լավ կլինի: Նա ինձ ասաց՝ դու հիվանդ ես, ես քո հետ խոսելու բան չունեմ, իսկ ես ասացի՝ ավելի լավ է հիվանդ լինեմ, քան Ձեր նման ստրուկ: Ասացի ու հեռացա:
Հաջորդ դասին`այսօր, հիմնը երգելու ժամանակ բոլոր աշակերտները ծիծաղում էին, այդ թվում և ես: Ես էլ ունեմ զգացմունքներ, և ստացվեց, որ չկարողացա տիրապետել և սկսեցի ծիծաղել: Մայորը ամենավերջին վիրավորանքները հասցրեց ինձ՝ ասելով, որ ես ոչխար եմ,անարժան եմ և սրիկա, սպառնաց, որ ոտքի տակ կառնի ինձ հիմնի ժամանակ ծիծաղելու համար, բայց ես չպատասխանեցի՝ մտածելով, որ սխալ եմ, չի կարելի հիմնի ժամանակ ծիծաղել: Անցավ: Մի քանի րոպե հետո կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Ես խնդրեցի չվիրավորել: Ասաց՝ հիմա տանեմ սենյակում քեզ ծեծե՞մ, թե գնանք տնօրենի մոտ: Ասացի՝ չեք կարող ծեծել ինձ, ասաց՝ գնում ենք տնօրենի մոտ: Ու գնացինք: Տնօրենը ժողովի էր, պետք է դասի վերջում գնայինք:Վերադարձանք դասարան: Կրկին վիրավորանքներ իմ հասցեին: Խնդրեցի, այնուհետև պահանջեցի, որ չվիրավորի: Երդվեցի, որ եթե արժանապատվությանս մեկ անգամ էլ կպնի, ես կխփեմ իրեն: Ու ինքը այդ իմանալով հանդերձ վիրավորեց ինձ: Մոտեցա, որ խփեմ, հասկացա, որ չի կարելի խփել, փոխարենը ասեցի, որ էշի պես չի լսում ինձ: Մոտեցավ, ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի՝ սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ՝ ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:
Հ.Գ.
Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին»:
Tert.am-ի հետ զրույցում տղայի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը նշեց, որ ինքը վաղն առավոտյան պետք է գնա դպրոց՝ պարզելու, թե ինչո՞ւ է ուսուցիչը պարբերաբար վիրավորում Շահեն Հարությունյանին, իսկ այսօր անգամ ծեծի ենթարկել:
«Դպրոցներում փաստորեն շարունակում է գոյություն ունենալ այն կարծրատիպը, որ աշակերտը իրավունք չունի իր կարծիքը հայտնել: Դե ոնց որ պետության մեջ է, այնպես էլ՝ դպրոցում: Ես չեմ բացառում, որ սա կարող է նաև միտումնավոր եղած լինել, որովհետև եթե բոլոր երեխաներն են ծիծաղում, ինչու պետք է հենց իմ որդուն վիրավորանքներ հասցվեն»,-ասաց նա:
Նշենք, որ Շահեն Հարությունյանը սովորում է թիվ 139 դպրոցում:










