ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնել Սաուդիան Արաբիայի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ

09:13 • 04.02.14

Ամերիկյան կողմը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում առաջարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման այլ մեխանիզմ մշակել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Коммерсант-ին հղումով։

 

Այդ մասին պարբերականին տեղեկացրել է ռուս դիվանագիտական աղբյուրը և հաստատել է նաև Պետդեպի ներկայացուցիչը։ Խոսքը տարածաշրջանային նոր ձևաչափի մասին է, որը լրացնելու է «Ժնև-2» համաժողովի ընթացքում միջսիրիական բանակցությունները։

 

Ամերիկացիներն առաջարկում են այդ զուգահեռ բանակցություններում ներառել 5 մասնակցի. ՌԴ, ԱՄՆ, Սաուդիան Արաբիա, Թուրքիա և Իրան։

 

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարևոր դերակատարում ունեն Սիրիայի կարգավորման հարցում, իսկ Սաուդիան Արաբիան և Թուրքիան սիրիական ռեժիմի հակառակորդների հիմնական ֆինանսավորողն են, Իրանն էլ՝ ռեժիմի հիմնական դաշնակիցը։

 

Աղբյուրի խոսքով՝ ռուսական կողմն այս գաղափարն ընդհանուր առմամբ ընդունել է։ Մոսկվան դեռևս անցյալ տարի էր առաջարկել Վաշինգտոնին տարածաշրջանային բանակցային ձևաչափ՝ ի լրումն միջսիրիական բանակցությունների, և այդ ժամանակ ԱՄՆ-ն այդ նախաձեռնությունը նպատակահարմար չէր համարել։