Ուկրաինայի նոր Սահմանադրության նախագիծը ապրիլի 15-ին կարող է ներկայացվել Ռադայում
Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ երեկոյան սկսված հերթական նիստը տևել է մոտ 20 րոպե և նախատեսվածից շուտ է ավարտվել: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակին, նիստի ժամանակ սահմանադրական բարեփոխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ընդունվել:
Ռիբակը հայտարարել է, որ պատգամավորները պետք է իրենց առաջարկներն ու ծրագրերը Ռադայի քննարկմանը ներկայացնեն վաղը։ Նիստից հետո խորհրդարանական խմբակցությունների և Ռադայի ղեկավարները հեռացել են հերթական խորհրդակցության:
Հաղորդվում է նաև, որ Ուկրաինայի նոր Սահմանադրության նախագիծը կարող է Ռադայի քննարկմանը ներկայացվել ապրիլի 15-ին, ինչի մասին հայտնել է «Տարածաշրջանների կուսակցություն» իշխող խմբակցության ղեկավար Ալեքսանդր Եֆրեմովը:
Սակայն նրա խոսքով՝ ընդդիմությունը դեռևս հրաժարվում է նոր Սահմանադրություն ընդունելուց և պնդում է 2004-ի Սահմանադրությանը վերադարձի անհրաժեշտությունը:










