Մենք արնախում հեղափոխականներ չենք. Լևոն Զուրաբյանը ՀՀԿ-ից շիտակ խոսակցություն է ակնկալում
Ոչ իշխանական 4 խմբակցությունների կողմից առաջարկված «գազային պայմանագրի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության եզրափակիչ ելույթի ժամանակ՝ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ խաղաղարար դիրքերից։ «Մենք արնախում հեղափոխականներ չենք, և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մենք այդ ցանկությունը չունենք»,-ասաց նա և ԱԺ իշխող մեծամասնությունից ակնկալեց շիտակ խոսակցություն՝ կատարված «աղաղակող հանցագործությունների, գանձագողության ու թալանի հարցը պարզելու համար»։
Լևոն Զուրաբյանը նշեց, թե իրենք ցանկություն ունեն միայն ճշմարտությունը հասկանալ:
«Մեր ուզածն ընդամենը ճշմարտությունը հասկանալն է: Նախ, մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ո՞նց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդը, այդ նույն գազի համար աշխարհում ամենաթանկ գինն է ստանում: Մարդիկ ուղղակի շոկի մեջ են. անկեղծ ասած` ես էլ էի շոկի մեջ, երբ ստացա գազի իմ հաշիվը: Գազի և էլեկտրականության այդ հաշիվները ժողովրդին շատ ծանր վիճակի մեջ են գցել: Բայց այդ շոկն ավելի է խորանում, երբ մարդկանց պարզ է դառնում, որ այս թանկությունը թելադրված է ոչ թե այլընտրանքի բացակայությամբ, շրջափակումով կամ նմանատիպ օբյեկտիվ պատճառերով, այլ՝ իշխանությունների ոչ կոմպետենտ, կոռուպցիոն բնույթով»,- նշեց նա:
Ըստ Զուրաբյանի, ժամանակավոր հանձնաժողովն այսօր միակ գործիքը կարող է լինել Կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: «Կառավարությունը Սահմանադրության և օրենքների բազմաթիվ աղաղակող խախտումներ է կատարել, և եթե նրանք ունեն իրենց գործողությունների որևէ բացատրություն, ապա թող ներկայանան հանձնաժողով, պատասխան տան հանրությանը, և եթե դա հնարավոր է, ապացուցեն իրենց իրավացիությունը»,- նշեց նա և եզրակացրեց, թե կան խախտումներ, որոնց պատասխանները չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ Կառավարությանն անվստահություն հայտնելու իրավական հիմք:
Դիմելով ԱԺ մեծամասնությանը՝ Լևոն Զուրաբյանը նշեց. «Կատարված են աղաղակող հանցագործություններ, գանձագողություն, թալան, և հարցը շատ պարզ է՝ եթե Կառավարությունը և իշխող մեծամասնությունը պատրաստ են շիտակ խոսակցության մեր ժողովրդի հետ, եթե նրանք ունեն բոլոր հարցերի պատասխանները, կամ պատրաստ են ապօրինությունների համար պատասխանատվության կանչել Կառավարությանը, ուրեմն դուք կարող եք հեշտությամբ համաձայնել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին և մենք բոլորով միասին ժողովրդին ցույց կտանք, որ պատրաստ ենք բաց և հրապարակայնորեն քննարկել այս խնդիրները»:










