Համանախագահներին ԱԳՆ շենքի դիմաց դիմավորեցին բողոքի ակցիայով (տեսանյութ, լուսանկարներ)
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական խորհրդի և երիտասարդական թևի անդամները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիայով դիմավորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր Երևան էին ժամանել Բաքվից։
Մինչ երիտասարդներն իրենց բողոքի ակցիան էին իրականացնում «Ո՛չ երկակի ստանդարտներին», «Մենք դեմ ենք Մինսկի խմբի համանախագահների վարած քաղաքականությանը» վանկարկումներով, համանախագահները ժամանեցին, ներս մտան՝ հրաժարվելով կանգնել և պատասխանել բողոքի ակցիան լուսաբանող լրագրողների հարցերին:
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հիշեցնենք իրենց իսկական առաքելությունը»,- լրագրողներին ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը՝ ավելացնելով, թե Մինսկի խմբի առաքելությունն է նպաստել խաղաղության պահպանմանը, բայց իրենք իրենց գործողություններով ուղղակիորեն նպաստում են պատերազմի վերսկսմանը:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, երիտասարդական միության վարչության ատենապետն ասաց, թե հավասարություն դնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողությունների միջև՝ նշանակում է նպաստել, խրախուսել Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական, ագրեսիվ քաղաքականությանը և նրան թույլ տալ շարունակել այն։
«Մենք դեմ ենք սրան, պահանջում ենք Մինսկի խմբի համանախագահներից համապատասխան վերաբերմունք և կեցվածք դրսևորել, իրերը կոչել իրենց անուններով»,- ընդգծեց Գերասիմ Վարդանյանը:
Նա նաև ասաց, թե ՀՀ իշխանությունների, ՀՀ ԱԳՆ–ի կեցվածքի վերաբերյալ մեկնաբանություններ այսօր չեն պատրաստվում տալ: «Մենք բազմաթիվ առիթներով մեր վերաբերմունքը ցույց ենք տվել և մեր դիրքորոշումը հայտնել ենք ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ»,- նշեց Գերասիմ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են տարածաշրջանում: Փետրվարի 3-ին նրանք այցելել էին Բաքու, իսկ այսօր՝ Երևան:










