Այո՛, գազի թեման Հայաստանում տաբու է. Նաիրա Զոհրաբյան

10:47 • 05.02.14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համամիտ էիր կուսակից, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ, որ գազի թեման Հայաստանում տաբու է:


Tert.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը, ով 4 ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ ԱԺ օրակարգ է մտցրել «ՀայՌուսգազարդ»-ի կուտակած 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագիծ, ասաց, որ այս տարիների ընթացքում հանրությունից թաքուն, քաղաքական ուժերից գաղտնի գործարքներ են արվել՝ գազային մութ պատմությունների հետ կապված։


«Եվ եթե Կառավարությունը վախենալու ոչինչ չունի, գտնում է, որ ինչ արել է, արել է օրենքի շրջանակներում, ի՞նչն է խանգարում խորհրդարանական մեծամասնությանը քվեարկել «կողմ»»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ մոտ 4 տարի առաջ Ազգային ժողովում ստեղծվել էր «գազային հանձնաժողով», որը պետք է ուսումնասիրեր, թե ինչ պայմաններում էր «ՀայՌուսգազարդը» գազը հասցնում սպառողներին։ Այդ հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էր, ով Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ այն մեկ օր անգամ չի աշխատելու, քանի որ «գազը Հայաստանում» տաբու է:


«Այն ժամանակ ևս հանրապետական խմբակցությունն ամեն ինչ արեց այս՝ դե յուրե գոյություն ունեցող հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որ որևէ նիստ չգումարվի և որևէ հարց՝ գազի հետ կապված չքննարկվի»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:


Վերջինիս խոսքով՝ այն հանրապետականները, որոնք երեկ կրծքով պաշտպանում էին Կառավարությանը, պետք է հասկանան, որ փախուստը, բոյկոտը, տապալելը մեկ բանի մասին է խոսում: Որ, այո՛, իրենք թաքցնելու բան ունեն: