ԱԺ–ն մերժեց «գազային պայմանագրերի» հանձնաժողով ստեղծելու առաջարկը
ԱԺ ոչ իշխանական ուժերի կողմից «գազային պայմանագրերի» հետ կապված հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը ԱԺ մեծամասնությունը մերժեց 44 կողմ, 58 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
Մինչ քվեարկությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կոչ արեց հասկանալ սրա անհրաժեշտությունն ու կողմ քվեարկել:
«Նկատի ունենալով ԱԺ արժանապատվությունը, կոչ եմ անում կողմ քվեարկել սրան, որպեսզի միասին պարզենք այս հարցերի իրական պատճառը այս գործարքի հիմքերը»,-ասաց նա։
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյան նույն կոչով հանդես եկավ՝ ասելով, թե ներկաները չեն կարող պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 2-ին։
«Հնարավոր է, որ ավելի հեշտ էր քաղաքական անկախությունը զիջել, քան թե այն, ինչ մենք արել ենք: Ես կոչ եմ անում՝ սա հնարավորություն է և՛ ՀՀ կառավարությանը, և՛ բոլոր պատասխանատու մարմինների համար՝ ցույց տալու, որ պետք է պետականության նկատմամբ վերաբերվել պատշաճ ձևով։ Եվ ես կոչ եմ անում սա նկատի ունենալ»,- նշեց նա:
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց խելք չսովորեցնեն և հորդորեց դեմ քվեարկել, ինչը և արեցին կոալիցիոն գործընկերները:
«Ես կարծում եմ՝ երկու օր շարունակ և անկեղծ ելույթներ լսեցինք, բայց հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ, առավել ևս հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք՝ ինչ ենք անում, մենք մեր պատասխանատվության տերն ենք, և բոլոր խնդիրները, որ հասարակության մեջ կառաջանան, մենք պարտավոր ենք և կպատասխանենք: Ես կոչ եմ անում դեմ քվեարկել»,- ասաց նա։










