Արհեստական կուրությունը կարող է օգնել խուլերին վերականգնել լսողությունը. հետազոտություն

23:10 • 05.02.14

Արհեստական կուրությունը կարող է օգնել խուլերին վերականգնել լսողությունը: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն՝ այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը հրապարակվել է Neuron գիտական ամսագրում:

 

Գիտնականներին հետազոտություն իրականացնելու մղել է կույր երաժիշտների օրինակը, ինչպիսիք են Ռեյ Չարլզը և Սթիվի Ուոնդերը, որոնց մոտ հիանալիորեն զարգացած էր լսողությունը:

 

Փորձարկման ընթացքում հետազոտողները առողջ հասուն մկներին մեկ շաբաթ պահել են մութ տարածքում՝ կուրության պայմաններ ստեղծելու նպատակով: Այդ ընթացքում գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել՝ պարզելու որոշակի ձայների նկատմամբ կենդանիների արձագանքը:

 

Նրանց հաջողվել է պարզել, որ արհեստական կուրության ի հայտ գալով՝ մկների մոտ սկսել է ավելի ակտիվ աշխատել գլխուղեղի առաջնային լսողական կեղևը: Արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ մկներն սկսել են ավելի լավ լսել:

 

Բացի այդ՝ նրանք պարզել են, որ ձայնի նկատմամբ զգայունությունը կենդանիների մոտ կորել է, երբ նրանց հանել են մութ տարածքից:
 

Արհեստական կուրությունը կարող է օգնել խուլերին վերականգնել լսողությունը. հետազոտություն