ԵՄ-ն պատրաստ է ավելացնել Ուկրաինային հատկացվելիք օգնությունը՝ բարեփոխումներ անելու դեպքում
Եվրամիությունը պատրաստ է ավելացնել Ուկրաինային հատկացվող օգնության չափը, եթե երկիրը շարժվի քաղաքական և տնտեսական բարեփոխումների ուղղով՝ համագործակցելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Դրական քաղաքական սցենարի զարգացման դեպքում մենք պատրաստ կլինենք ընդլայնել մեր օգնությունը՝ հիմնվելով իշխանությունների կողմից ԱՄՀ-ի հետ համագործակցության գործում քաղաքական և տնտեսական բարեփոխումներին հավատարիմ մնալու հանգամանքի վրա», - հայտարարել է Ֆյուլեն՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև:
Անհրաժեշտ քաղաքական քայլերի շարքում Ֆյուլեն նշել է նաև փոփոխությունները ընտրական օրենսդրությունում: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ Ուկրաինայի իշխանությունները շարունակեն բաց պահել դռները ԵՄ-ին քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար:










