Վերջին 8 տարվա մեջ երկրորդ դեպքն է, երբ աշակերտը ևս հարվածում է ուսուցչին. ԿԳՆ պաշտոնյան՝ Շանթի որդու մասին

19:31 • 05.02.14

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի և ռազմագիտության ուսուցչի միջև տեղի ունեցած միջադեպը եզակի է համարում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին 8 տարիների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ աշակերտը ևս հարվածով է պատասխանում ուսուցչին:

 

«Նման մի դեպք էլ նոյեմբերին եղավ Գեղարքունիքի մարզում, և այսօր գործը գտնվում է դատարանում: Չեմ հիշում այլ դեպք, որ աշակերտը հարվածի ուսուցչին: Ես այսօր խոսել եմ 139 դպրոցի տնօրենի հետ, պարզվեց, որ այդ ուսուցիչն ու Շահեն Հարությունյանը դպրոց չեն եկել, հիմա գործը քննում է Ոստիկանությունը, մենք որևէ կերպ չենք կարող միջամտել»,-ասաց նա:

 

Հիշեցնենք, որ երեկ Շահեն Հարությունյանն Facebook-ի իր իր էջում գրառում էր կատարել՝ մանրամասն նկարագրելով իր և ռազմագիտության ուսուցչի միջև տեղի ունեցած վեճը, որի արդյունքում ուսուցիչը հարվածել էր աշակերտին, իսկ Շահեն Հարությունյանը՝ ուսուցչին:

 

Նարինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ ներկայումս հազվադեպ են անգամ այն դեպքերը, երբ ուսուցիչներն են հարվածում աշակերտներին:

 

«Իհարկե ունեցել ենք դեպքեր, երբ ուսուցիչներն աշակերտի նկատմամբ ճիշտ պահվածք չեն դրսևորել, օրինակ՝ աշակերտի մազն էր կտրել մեկը, բոթել էր, մատյանով էր խփել. նման դեպքեր ունեցել ենք, ահազանգեր էին եղել ծնողների կողմից: Բայց հակառակը հազվադեպ է պատահում»,-ասաց նա: