ՀՀ կառավարությունը շարունակո՞ւմ է գազի պարտքեր կուտակել. Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց Ռոբերտ Նազարյանին
Տարեկան զեկույցից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այսօրվա սակագնի պայմաններում ՀՀ կառավարությունը շարունակում է գազի պարտքեր կուտակել։ «Սա հնարավոր է Ձեր հարցը չէ, բայց գուցեև Ձեզ հայտնի է»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե Բագրատյանը ճիշտ էլ նկատել է, որ հարցն իրեն ուղղելը ճիշտ չէ. «Բայց կարող եմ ասել, որ այս պահին իմ ունեցած ինֆորմացիայով նման երևույթ չունենք, որ կարող ենք պարտքեր կուտակել»։
Հրանտ Բագրատյանին հետաքրքրիր էր նաև, թե վերջին երեք տարիներին որքան է բարձրացել«ՀայՌուսգազարդի» տնօրենների խորհրդի անդամների աշխատավարձը:
Նազարյանը պատասխանեց, որ «ՀայՌուսգազարդում» սահմանվել է 227 000 միջին աշխատավարձ: Իսկ ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» տնօրենների խորհրդի աշխատավարձին, ապա Նազարյանը շեշտեց, որ դա մենեջմենթ է, որտեղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրավասություններ չունի:
Բագրատյանը հարց ուղղեց նաև «ՀայՌուսգազարդի» ներկայացուցչական ծախսերի մասին, ինչին Նազարյանը պատասխանեց, որ այս թեման շահարկվել է նաև մամուլում։ «Ներկայացուցչական ծախսերը սահմանված է 18 միլիոն դրամ, հայտի մեջ 120 միլիոն դրամ էր, մենք 120 միլիոն դրամ հայտից նվազեցրել ենք և ընդունել ընդամենը 18 միլիոն դրամը՝ 1/6-ը»,- ասաց նա։
Նախկին վարչապետին հետաքրքրում էր նաև գազի խողովակների ներկման պարտավորությունները, թե դրանք ինչ պարբերականությամբ են ներկվում։
Պարզվեց յուրաքանչյուր 5 տարին մեկ դրանք պետք է ներկվեն. «Եթե ամեն տարի ներկրեն, դա կլինի խիստ շռայլություն»,- ասաց Նազարյանը: Բագրատյանը նկատեց, թե կոնկրետ իրենց մուտքում 10-14 տարի է ոչ մի անգամ չի փոխվել, ինչը նշանակում է, որ ծախսեր են գրում, բայց այդ գումարները իրենց նպատակին չեն ծառայեցնում։










