Էլի պիտի գնանք Մոսկվա, մեզի անալիզ տանք, որպեսզի գնանք Իրան. Պ. Հայրիկյանը՝ ՄՄ-ի մասին
«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Մաքսային միությանը ՀՀ անդամակցության «ճանապարհային քարտեզի» մասին, մտահոգություն հայտնեց, թե այսուհետ Հայաստանն ամեն հարցում ստիպված է լինելու հաշիվ տալ Մոսկվային, ինչպես Խորհրդային միության տարիներին։
«Վաղն էլ հասնելու ենք նրան, որ պետական լեզուն հայտարարենք ռուսերենը, էլի պիտի գնանք Մոսկվա, մեզի անալիզ տանք, որ գնանք հարևան Իրան և այլն»,– ասաց նա:
Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ակնհայտ է, որ ապրանքների գները պետք է բարձրանան ՄՄ-ին անդամակցելուց հետո, իսկ ՄՄ-ի առաջին պտուղները երևացին գազային պայմանագրերում:
«Ակնհայտ է, որ գները պիտի թանկանան, էլ չեմ խոսում ազգային անվտանգության մասին: Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը իրենց ստանձնած պարտավորությունները չեն կատարում»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դա ժամանակավոր կլինի, այլապես կործանարար է լինելու Հայաստանի համար:
Պարույր Հայրիկյանը նաև հայտարարեց, որ հայ մարդն այսօր կարող է չորս անգամ ավելի էժան գազ ունենալ, բայց իշխանություններն իրենց քմահաճույքներով այլ կերպ որոշեցին:
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ նա նկատեց. «Ես չէի ուզենա, որ Հայաստանում այդ իմաստով մայդան լիներ»:










