Հյուսիսային և Հարավային Կորեաները սկսել են բանակցությունները բաժանված ընտանիքների հանդիպման հարցով
Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել, որոնք նվիրված են Կորեական պատերազմի ընթացքում իրարից բաժանված ընտանիքների հանդիպման կազմակերպմանը, հայտնում է gazeta.ru-ն:
Բանակցությունները սկսվել են սահմանային Պհանմունչժոմ կետում: Քննարկվելու են հանդիպման ժամկետները: Կողմերը կորոշեն նաև բարեկամների բնակության վայրն ընտանիքների հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները համաձայնել են նախապատրաստական բանակցություններ անցկացնել Պհանմունչժոմում:
Հարավային Կորեայի Վերամիավորման նախարարությունից ասել են, որ անգամ այժմ դժվար է կանխորոշել բանակցությունների ելքը:
Ընտանիքների վերամիավորումը խիստ նուրբ հարց է Կորեաների հարաբերություններում: 2000-ից ի վեր բանակցությունների տասը շրջան է անցկացվել, ինչի հետևանքով 21.000 ընտանիքներ են վերամիավորվել: Այժմ բաժանված ընտանիքների անդամենրը 70-80-ամյա մարդիկ են, ովքեր ցանկանում են նախքան կյանքից հեռանալը տեսնել իրենց ընտանիքներին:










