Մոսկովյան դպրոցում սպանություն գործած աշակերտի ծնողները հրաժարվում են որդու պաշտպանությունից

12:26 • 05.02.14

Հրապարակելով մոսկովյան դպրոցներից մեկում իրականացված 2 սպանության համար պատասխանատու աշակերտին կալանքի տակ առնելու մասին որոշումը՝ դատավորը հայտնել է, որ նրա ծնողները հրաժարվել են երեխայի պաշտպանությունից։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, դատավորը հավելել է, որ ծնողները չեն ցանկանում կապ հաստատել իրավապահ մարմինների հետ և չեն պատասխանում հեռախոսազանգերին։

 

Այժմ դատարանի վճռով աշակերտը կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 3-ը։ Հայտնի է, որ տղան խնդրել է դատարանին իրեն հանձնել ծնողների հսկողությանը, սակայն, հաշվի առնելով վերջիններիս դիրքորոշումը, աշակերտի շահերը ներկայացրել է խնամակալության մարմինների աշխատակցուհին, ով դեմ չի եղել տղայի կալանքին։

 

Հիշեցնենք, որ Մոսկվայի Օտրադնոյե շրջանի թիվ 263 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Գորդեևը հրացանով ներխուժել էր դպրոց՝ պատանդ վերցնելով իր համադասարանցիներին։

 

Մտնելով դասարան՝ դեռահասը կրակել է աշխարհագրության ու կենսաբանության 29-ամյա ուսուցչի վրա՝ սպանելով նրան։ Բացի այդ,  զոհվել է նաև մի ոստիկան։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ աշակերտը նման քայլի էր դիմել, քանի որ սպանված ուսուցիչը նրան 4 գնահատական էր դրել, սակայն հարցաքննության ժամանակ դեռահասը նշել է, որ դասատուն իրականում շատ լավ մարդ էր, և նրան սպանել է միայն այն պատճառով, որ վերջինս ցանկացել է վերցնել իր ձեռքից հրացանը։

 

Ողբերգությունից հետո դպրոցի աշխատանքը դադարեցվել է, սակայն հաղորդվում է, որ այն կվերսկսվի արդեն այսօր։