Ուկրաինայի ՆԳՆ-ն ուսումնասիրում է ցուցարարների սպանությունները կնոջ կողմից իրականացված լինելու մասին տեղեկությունը

13:11 • 05.02.14

Քննիչներն ուսումնասիրում են տեղեկությունն այն մասին, որ Կիևի Գրուշևսկու փողոցում տեղի ունեցած սպանություններում կին է ներքաշված։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հանրային կապերի վարչությունը։

 

Ինչպես տեղեկացնում է analitikaua.net-ը, համաձայն վերջին տեղեկությունների, որոնք տարածվել են լրատվամիջոցներով, Միխայիլ Ժիզնևսկու սպանությունը կարող է իրագործած լինել ինքնությունը չպարզված մի կին։

 

«Սակայն ՆԳՆ աշխատակիցների բոլոր փորձերը՝ շփվելու հանցագործության հնարավոր վկաների հետ, արդյունք չեն տալիս»,-հաղորդել են ոստիկանությունից։

 

Մասնավորապես քննիչների երեկվա փորձը՝ շփվել քաղաքացի Տարաս Կոբյալկոյի հետ, ավարտվել է նրանով, որ Ուկրաինական տան «պահապանները» ոստիկաններին ասել են, թե նման մարդ շենքում չկա։

 

Ուկրաինայի ՆԳՆ-ն դիմում է հնարավոր վկաներին կամ հանցագործության ականատեսներին՝ կոչ անելով ներկայացնել ցանկացած տեղեկություն, որը կարող է օգնել այդ հանցագործությունների բացահայտմանը։

 

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հետաքննում է հունվարի 22-ին Գրուշևսկու փողոցում բախումների ընթացքում Սերգեյ Նիգոյանի, Միխայիլ Ժիզնևսկու, Ռոման Սեննիկի մահվան հանգամանքները։