Պրահայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Յանուկովիչին

09:55 • 05.02.14

Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Չեխիա այցի դեպքում Պրահայի իշխանությունները չեն մասնակցի այցի կազմակերպմանը, հայտարարել է Չեխիայի մայրաքաղաքի քաղաքապետ Տոմաշ Գուդեչեկը, գրում է Взгляд-ը:

 

Քաղաքապետի խոսքով՝ ոչ մի հիմք չկա, որպեսզի Պրահան մասնակցի ուկրաինացի նախագահի հետ հանդիպմանը: Ընդ որում՝ Պրահայի քաղաքապետը նշել է, որ «աբսուրդ է, որ նախագահ Յանուկովիչը վայրէջք կատարի օդանավակայանում, որը կրում է Վացլավ Հավելի անունը»:

 

Ինչպես նշել է Պրահայի քաղաքապետը, եթե Ուկրաինայի նախագահը ժամանի քաղաք, իշխանությունը չի կազմակերպի որևէ միջոցառում, որը սովորաբար կազմակերպվում է պետությունների ղեկավարների այցերի ժամանակ, մասնավորապես՝ չի հրավիրի Յանուկովիչին քաղաքապետարան ավանդական ընդունելության:

 

Յանուկովիչի՝ Չեխիա այցն ընդհանրապես չեղյալ հայտարարելու կոչով երկրի նախագահ Միլոշ Զեմանին անցած շաբաթ դիմել են մի շարք հասարակական գործիչներ, բանաստեղծներ, ռեժիսորներ, երգիչներ, մարզիկներ, քաղաքապետներ և շրջանների ղեկավարներ: