Ոչ իշխանական ուժերի միջև չկա ավելի մեծ խնդիրներով համագործակցելու համաձայնություն. Ստյոպա Սաֆարյան
Խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի միջև համագործակցությունն առայժմ միայն խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխման դեմ, այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ իրեն հայտնի չէ, որ այս նույն ուժերի բարձրագույն ղեկավարության մակարդակով լինի մի հանդիպում, որտեղ քննարկվեն համատեղ այլ գործողություններ:
«Ավելին, չկա նաև ավելի մեծ խնդիրներով գործընթացներ տանելու համաձայնություն: Օրինակ՝ իշխանափոխության և նմանատիպ հարցերի շուրջ լուրջ քննարկումներ չեն լինում»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը, ավելացնելով, որ ինքը գիտակցում է այդ օրակարգի չձևավորման ռիսկերը, ու այդուամենայնիվ, արձանագրում է փաստը, որ չկա այդպիսի օրակարգ:
«Ժառանգությունը» հանդիպելու և քննարկումներ անելու հրավեր, Ստյոպա Սաֆարյանի խոսքերով, չի արել, բայց նմանատիպ առաջարկներ այլ ուժերը ևս չեն արել: «Իմ համոզմամբ, դրա համար ինչ-որ խոչընդոտներ կան»,- ընդգծեց նա:
Tert.am-ի հարցին, թե կոնկրետ ինչ խոչընդոտների մասին է խոսքը՝ Ստյոպա Սաֆարյանը չասաց, նշելով, թե ուրիշ քաղաքական ուժերի փոխարեն ինքը չի կարող խոսել, թե ինչու իրենց ձեռնտու չէ, որպեսզի այդ 4 քաղաքական ուժերով դնեն իշխանափոխության խնդիր և փորձեն հասնել դրան:
«Այն, որ 3 քաղաքական ուժերը բաց թողեցին նախագահական ընտրությունները, որոնք իշխանափոխության ռեալ հնարավորություն էին, արդեն խոսում է դրա մասին, որ ձեռնտու չէ»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:










