Սիրիացի ապստամբները հայտարարել են Հալեպի վրա հարձակում սկսելու մասին
Սիրիացի ապստամբները հայտարարել են Հալեպի վրա նոր հարձակում սկսելու մասին, տեղեկացնում է Лента.ру-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Գործողությանը մասնակցում են երկու խոշոր ապստամբ խմբավորումներ՝ «Իսլամական ճակատը» («չափավոր» ընդդիմադիրների կոալիցիայից) և «Ալ Նուսրայի ճակատը» («Ալ Կաիդայի» տեղական ճյուղը)։
«Բոլոր ստորաբաժանումները պարտավոր են թողնել իրենց բազաները և միանալ զինյալներին, որոնք կռվում են ճակատում։ Նրանք, ովքեր կհրաժարվեն իրականացնել պահանջը, պատասխան կտան»,- սպառնացել է ապստամբների հրամանատարությունը։
Ընդդիմության առաջնորդները հասարակ սիրիացիներին կոչ են արել լքել իրենց տները, եթե դրանք գտնվում են զորամասերի մոտակայքում, որպեսզի մարտերի ընթացքում պատահական զոհեր չդառնան։
Հարձակման մասին հայտարարությունն ապստամբներն արել են երկրի հյուսիսում կառավարական զորքերի գրանցած հաջողության ֆոնին։
Սիրիական զորքերը կարողացել էին Հալեպի մի մասը վերագրավել՝ ապստամբ խմբերի միջև շարունակվող բախումների ընթացքում։










