Բրիտանիայում ԼՂՀ վարչապետը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արցախում «Թումո» կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 30-ից փետրվարի 4-ը Հայ Բարեգործական Ընդհանուր Միության ամենամյա հավաքին մասնակցելու նպատակով եղել է Մեծ Բրիտանիայում: Այս մասին ասվում է ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղարի հաղորդագրության մեջ:
Վարչապետը ՀԲԸՄ-ի ղեկավարության հետ քննարկել է Արցախում այդ կազմակերպության կրթական ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Այցի շրջանակներում կազմակերպված բարեգործական ճաշկերույթի և մի շարք գործարարների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի զարգացման որոշ ծրագրեր:
Մասնավորապես, գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համար շենք կառուցելու վերաբերյալ: Ա. Հարությունյանը տեղեկացրել է բարեգործներին, որ նախքան շենքի կառուցումը «Թումոն» այս տարվա ընթացքում կսկսի իր գործունեությունը ժամանակավոր տարածքում:
Բարեգործական ծրագրերից բացի, հանդիպումների ժամանակ գործարարները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հիդրոէներգետիկայում և տնտեսության այլ ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ ևս:










