Սիրիայում դարձյալ ադրբեջանցիներ են սպանվել՝ ինչպես հակակառավարական, այնպես էլ կառավարական զորքերի կազմում

18:19 • 06.02.14

Ադրբեջանական լրատվամիջոցները դարձյալ տեղեկություններ են տարածել Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների մասին։ Ընդ որում՝ սպանվածներ գրանցվել են ինչպես Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների շարքերում։

 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ վերջին օրերի ընթացքում Սիրիայում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է սպանվել, որոնք կռվել են ընդդեմ Ասադի զորքերի «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման շարքերում։

Ֆարիզ անունով ադրբեջանցին, ով ծնունդով Սումգայիթից է, սպանվել է կառավարական ուժերի կողմից։ Տարածվել է նաև նրա լուսանկարը։

 

Մեկ այլ ադրբեջանցու մահվան մասին տեղեկություն է տարածվել մոջահեդների կայքերում։ Դարձյալ ծնունդով Սումգայիթից «Զիկո» անունով ադրբեջանցին սպանվել է ավելի վաղ։

 

Haqqin.az կայքը տեղեկացնում է, որ հրապարակվել է նաև ադրբեջանցիների ցուցակ, որոնք սպանվել են կառավարական զորքերի շարքերում։

 

Նրանք են Ջոշգուն Հեյդարովը, Ազադ Մուսթաֆաևը, Ռուսթամ Միրաբբասովը, Աղարահիմ Քերիմովը, Ջավադաղա Գուրբանովը, Գահրաման Հաշիմովը, Ֆարիդ Թուրաբովը, Էլմիր Գազըևը։