Բելառուսներին բարկացրել է CNN-ի կազմած ամենատգեղ արձանների ցուցակը

18:09 • 06.02.14

Բելառուսի «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիրի ղեկավարությունը մոլորակի ամենատգեղ արձանների ցուցակը, որը կազմել է ամերիկյան CNN հեռուստաալիքը, անվանել է սրբապղծություն։ Նշենք, որ հուշարձանն այդ ցուցակում զբաղեցնում է 2-րդ տեղը։

 

Հուշահամալիրի ղեկավարությունը պատրաստվում է հարցը քննարկման դնել Բելառուսի մշակույթի նախարարությունում, գրում է Russia Today-ը։

 

«Այդ հսկա, զայրացած բելառուսը, որը հայտնվում է բետոնի հսկայական կտորից, այնպիսի տեսք ունի, կարծես պատրաստվում է իրեն ենթարկել ամբողջ Արևմուտքը՝ նախքան Ամերիկան դեպի Արեգակը նետելը»,- ասվում է լուսանկարին կից գրառման մեջ։

 

ԶԼՄ-ի նման գործողություններն առաջացրել են բելառուսական հանրության դժգոհությունը։

«Այդպես վերաբերվել հուշերին չի կարելի։ Չէ՞ որ հուշարձանը չի տեղադրվել որպես պարզապես արվեստի գործ, այլ առաջին հերթին ի հիշատակ զոհված մարդկանց։ Կազմել նման հուշարձանների հակավարկանիշային ցուցակ՝ չի կարելի»,- ասել է համալիրի տնօրեն Գրիգորի Բիսյուկը:

Նրա խոսքով՝ թանգարանի ղեկավարությունը մտադիր է բողոք ներկայացնել։