Հնդիկ ուսանողը 163.000 դոլարի հայց է ներկայացրել ընկերության դեմ՝ բաց վարդագույն մատիտի պատճառով

14:13 • 06.02.14

Հնդկաստանի համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Չիրայու Ջայնը 163.000 դոլարի փոխհատուցում է պահանջում երկրում գրենական պիտույքների խոշորագույն արտադրողից՝ «ռասիստական մատիտների» պատճառով։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, 19-ամյա երիտասարդը պատմել է, որ գնելով Hindustan Pencils Ltd ընկերության արտադրած Colorama գունավոր մատիտների տուփը՝ հայտնաբերել է, որ բաց վարդագույն մատիտի թղթի վրա դրա գույնը նշված է որպես մաշկագույն։

 

«Բաց վարդագույն մատիտի վրա նշված մաշկագույնը չի համապատասխանում իմ և մյուս հնդիկների մաշկի գույնին, ուստի ես համարում եմ, որ դա ռասիստական բնորոշում է»,-նշել է Ջայնը։

 

Հաղորդվում է, որ ընկերությունն արձագանքել է նրա հայցին՝ նշելով, որ մտադիր չէ ապագայում փոխել «մաշկագույն» բառը։