ԶԼՄ-ները հավատացել են Բիլ Գեյթսի՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրվա մասին կատակին

11:40 • 06.02.14

Մի շարք ռուսական ԶԼՄ-ներ արտատպել են The New Yorker-ի կատակ հոդվածը Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրվա մասին, ով փետրվարի 4-ին հայտարարել էր ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը լքելու մասին, գրում է lenta.ru-ն:

 

Փետրվարի 5-ին The New Yorker-ում հրապարակված հոդվածում պատմվում է, որ Microsoft-ից հետո Գեյթսն անցել է աշխատանքի «ինչ-որ ընկերությունում՝ որպես տեխնոլոգիական խորհրդական»:

 

Առաջին իսկ օրը Microsoft-ի հիմնադիրը ստիպված է եղել զբաղվել Windows 8 օպերացիոն համակարգի թարմացմամբ: Թարմացումների փաթեթը տեղադրելու համար Բիլ Գեյթսն իբր մի ամբողջ օր է ծախսել, ընդ որում՝ նա անգամ ստիպված է եղել օգնության համար դիմել Microsoft-ի նոր տնօրեն Սատյա Նադելային:

 

Միայն մի քանի լրատվամիջոցներ են նշել, որ տեքստը հրապարակվել է հումորային սյունակում, ընդ որում, ինչպես նշում է lenta.ru-ն, այդ պարզաբանումը տեքստում ավելացրել են ավելի ուշ:

 

Բիլ Գեյթսի առաջին աշխատանքային օրվա մասին հրապարակման հեղինակն ամերիկացի հումորիստ և գրող Էնդի Բորովիցն է եղել:

ԶԼՄ-ները հավատացել են Բիլ Գեյթսի՝ նոր պաշտոնում առաջին աշխատանքային օրվա մասին կատակին