Ջոն Հեֆերնը և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները արյուն հանձնեցին «Սիրտ ունես, կյանք փրկիր» ակցիայի շրջանակում

14:37 • 06.02.14

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և դեսպանատան աշխատակիցներն այսօր մասնակցեցին «Սիրտ ունես, կյանք փրկիր» խորագրով արյունատվության ակցիային, որի շրջանակում հավաքագրված արյունը անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասակներին:

 

Սակայն մինչ այդ, ՀՀ առողջապահության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետների օգնությամբ բոլոր դոնորներն անցան համապատասխան նախնական հետազոտություն՝ ստուգվեց նրանց քաշը, տարիքը, արյան ճնշումը:

 

Նշենք, որ թեև դեսպանը ԱՄՆ-ում բազմիցս է նման ակցիաների մասնակցել, սակայն Հայաստանում առաջին անգամն էր: «Ուզում եմ վստահեցնել, որ բացի ներարկիչի ասեղի ծակոցից, որևէ այլ ցավ դոնորը չի զգում»,- ժպիտով նշեց դեսպանը

 

Ըստ Ջոն Հեֆերնի՝ այս ակցիան կարող է լավ օրինակ և խթան հանդիսանալ մյուս կառույցների, կրթական հաստատությունների, դեսպանատների համար, որպեսզի Հայաստանում ևս խթանվի անվճար դոնորությունը:

 

«Մենք շնորհակալ ենք և ուրախ, որ արյունաբանական կենտրոնը կարողացավ իր անձնակազմին ուղարկել մեզ մոտ և այս միջոցառումը կազմակերպել դեսպանատանը»,- ասաց նա:

 

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ նման ակցիա կազմակերպելու գաղափարը առաջացել է «Այբ» դպրոցում համատեղ հանդիպման ժամանակ, որից հետո համապատասխան առաջարկն ուղղվել է ՀՀ առողջապահության նախարարին, ում թույլտվությունը ստանալուց հետո Ջոն Հեֆերնը սիրով համաձայնել է կյանքի կոչել այն:

 

«Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 5 տոկոս, մինչդեռ ընդհանուր դոնորների թիվը հանրապետությունում հասնում է 20 հազարի»,- տեղեկացրեց կենտրոնի տնօրենը: