Իրանն առաջվա պես փակ է տնտեսական համագործակցության համար. Քերի
Միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանն առաջվա պես փակ է տնտեսական համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկյան բիզնեսը չի ուշանա իրանական հեռանկարային շուկայում տեղ զբաղեցնելու համար, տեղեկացնում է Взгляд-ը:
«Իրանը բաց չէ բիզնեսի համար: Իրանի իշխանություններն ու այլ երկրներ դա գիտեն: Մենք խստացրել ենք պատժամիջոցներն իրանական մի շարք ընկերությունների դեմ, և շարունակելու ենք դրանք կիրառել: Մենք մեր դաշնակիցների հետ պայմանավորվածություն ունենք, որ Իրանի դեմ պատժամիջոցներն ուժի մեջ են մնալու մինչև վերջնական համաձայնության գալն Իրանի միջուկային խնդրով»,-ասել է նա:
Լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամանակներում ակտիվորեն Իրան են մեկնում օտարերկրյա գործարար պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպայից, Արևմուտքի պատժամիջոցների վերացումից հետո այդ երկրում ներդրումները քննարկելու նպատակով:










