Օլիմպիական խաղերի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ջեյմս Ուորլիք
Ադրբեջան և Հայաստան այցից հետո ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter միկրոբլոգում գրառում է կատարել, որում տեղեկացնում է այն մասին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են հրադադարը հարգելու իրենց հանձնառությունը՝ հատկապես Օլիմպիական խաղերի ընթացքում։
«Լավ լուր։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ հարգելու հրադադարը, հատկապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,– ասվում է համանախագահի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահները երեկ եղել են Հայաստանում և հանդիպումներ ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Համանախագահները հանդիպել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և քննարկել շփման գծում տիրող իրադրությունը։










