Բողոքի ակցիա՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի (ուղիղ, տեսանյութ, լուսանկարներ)
14.33
Քաղաքապետարանի դիմաց քիչ առաջ ավարտվեց երթը: Նախաձեռնողները մասնակիցներին շնորհակալություն հայտնեցին և հայտարարեցին, որ իրենց հաջորդ քայլը լինելու է մոբիլիզացման աշխատանքները մարզերում:
Հաջորդ երթը տեղի կունենա Վանաձորում:
14.04
Երթը հասել է Երևանի քաղաքապետարան, որտեղ նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքապետարանի աշխատակազմին միանալ ակցիային և մասնակցել «Իրավունքի նվաճման երթին»:
Ինչպես ՊԵԿ-ի դիմաց, այստեղ ևս նախաձեռնության անդամները քաղաքապետարանի վարչական շենքին մոտեցան ոտքերի դոփյուններով:
Բողոքի ակցիայի մասնակիցները, խոսքն ուղղելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, հիշեցրեցին, թե ինչպես ամիսներ առաջ Հայաստանի քաղաքացին հենց այս նույն շենքի դիմաց պայքարում էր իր իրավունքների համար: Եվ այսօր նույնպես հայ քաղաքացին կանգնած է այստեղ՝ այս շենքի դիմաց:
Քաղաքապետարանի շենքի մուտքը պահպանվում է մի քանի շարք ոստիկաններով, ինչն էլ պատճառ դարձավ, որ ակցիայի մասնակիցները հայտարարեն , որ ստեղծված պատկերը մեկ բան է նշակում. որ իշխանությունները վախենում են իրենց իսկ ժողովրդից:
«Մի՛ վախեցեք մեզանից, մենք վախենալու չենք: Մենք պահանջում ենք հարգել մեր իրավունքները»,- հայտարարվեց բարձրախոսից:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի շենքի դիմաց միասնության և հաղթանակի կոչեր են անում:
Բողոքի երթը նախատեսված է ավարտել Երևանի քաղաքապետարանի մոտ:
13.37
Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մասնաշենքի դիմաց, որտեղ այս պահին հավաքվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ հանդես եկող քաղաքացիները:
Ակտիվիստներիը մեկը անցավ ոստիկանական պատը և «Դ!ԵՄ ԵՄ»-ի թռուցիկը փակցրեց ՊԵԿ–ի մուտքի դռանը, ինչը ոստիկանները շատ արագ պոկեցին և դեն նետեցին։
13.34
Ակցիայի մասնակիցներն այնուամենայնիվ ճեղքեցին ոստիկանների պատնեշը և այս պահին հավաքվել են Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մասնաշենքի մուտքի դիմաց: Իրադրությունը լարված է. ոստիկանների և ցուցարարների միջև հրմշտոց է առաջացել:
13.29
Ցուցարարները հասան Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մասնաշենք, որը գտնվում է Մ. Խորենացի փողոցում: Ոստիկանները փակել են մայթը, այդ պատճառով ակցիայի մասնակիցները շարժվում են դիմացի մայթով:
13.17
Ցուցարարներն այս պահին գտնվում են Կենտրոնական բանկի դիմաց, որտեղ ԿԲ նախագահից պահանջում են և կոչ են անում կանգնել ժողովրդի կողքին և կյանքի չկոչել այդ ապօրինի որոշումը։
Այստեղից ցուցարարները կշարժվեն Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր մասնաշենք։
13.05
Երթի մասնակիցներն այս պահին Կառավարության կենտրոնական մասնաշենքի դիմաց են, որտեղ պահանջում են կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչը, չխաբել և չթալանել ժողովրդին։
Ակցիայի մասնակիցները «Ամոթ», «Դեմ ենք», «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչերով դիմում են Կառավարությանը։
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանն իր ելույթում ասաց, որ Կառավարությունը ոչինչ չի անում ժողովրդի համար, մինչդեռ առաջինը Կառավարությունը պետք է կատարեր Սահմանադրական դատարանի որոշումը՝ կասեցնի պարտադիր պահումերը, իսկ կենսաթոշակների ֆոնդեր չընտրած քաղաքացիներին ազատի պատասխանատվությունից։
12.54
Այս պահին ակցիայի մասնակիցները հավաքվել են Ֆինանսների նախարարության շենքի դիմաց և վանկարկում են «կա–սե–ցում», «դեմ եմ–դեմ եմ»։
12.37
Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը, չխոչընդոտել երթևեկությանը Արամի փողոցի վրա։ Ցուցարարներն իրենց հերթին ոստիկաններից են պահանջում բացել փողոցը։
Նշենք, որ այստեղ մեծ թվով ոստիկաններ կան։ Այստեղ է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում խոսելով շարժման մասին ասաց, որ երկիրն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ կարևոր չէ, թե շարժումը քաղաքական է, թե՝ քաղաքացիական, պետք է անտեսել բոլոր այդ հարցերը և պայքարել Սահմանադրական երկիր ունենալու համար։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դեմ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի երթ է անցկացնում Կառավարության 3–րդ շենքի դիմաց՝ «Նվաճիր իրավունքդ» խորագրով։
Այստեղ ակցիայի մասնակիցները շարժվելու են դեպի Կառավարության կենտրոնական մասնաշենք, Կենտրոնական բանկ և Պետեկամուտների կոմիտե։
Ակցիայի մասնակիցները պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը և պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիներին չստիպել, որպեսզի իրենց աշխատավարձից հատկացումներ անեն պարտադիր կուտակային ֆոնդերին։
Կառավարության 3–րդ շենքի դիմաց ակցիայի մասնակիցները իրենց մոտեցած պաշտոնյաների հետ զրույցում ասացին, որ ցանկացած ազդեցության պատասխանում են հակաազդեցությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ, որոնցից առաջինը վերաբերում է պատասխանատվությանը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելուն կամ ուշացումով կատարելուն, իսկ մյուսը՝ քաղաքացու կողմից ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը, որոնք չկատարելու դեպքում ընտրությունը պետք է կատարվեր նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով:
Ուղիղ միացումը՝ Civilnet.am–ի










