Պայթյուն Կիևի ընդդիմության շտաբում, կա 1 վիրավոր. ԶԼՄ-ներ

17:49 • 06.02.14

Կիևի արհմիությունների տանը, որտեղ գտնվում է ընդդիմության շտաբը, գործի է դրվել պայթուցիկ սարք, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Сегодня»-ին: Այդ մասին հայտնել են ակտիվիստները:

 

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ առավոտյան 9:30-ին: Ինչպես պնդում են ընդդիմադիրները, անհայտ անձինք իրենց փոխանցել են «Դեղեր» գրությամբ ինչ-որ փաթեթ: Պայթյունը տեղի է ունեցել այն բացելու փորձի ժամանակ: Պայթյունի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, պոկվել է նրա դաստակը: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ակտիվիստները չեն դիմել ոստիկանություն, «քանի որ նրանց վստահելու հիմք չկա»: Ներքին գործերի նախարարությունում, իրենց հերթին, հայտարարել են, որ ընդդիմադիրները թույլ չեն տալիս ոստիկաններին մոտենալ դեպքի վայրին:

 

Միևնույն ժամանակ, РБК-Украина-ի աղբյուրները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի հինգերորդ հարկում, որտեղ գտնվում են «Պրավիյ սեկտոր» շարժման անդամները: Աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքի պատճառը եղել է «Մոլոտովյան կոկտեյլի» խառնուրդի այրումը:

 

«Պրավիյ սեկտոր»-ի ակտիվիստները թույլ չեն տվել РБК-Украина-ի լրագրողին հինգերորդ հարկ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ակտիվիստներն ասել են, թե ակտիվիստներից մեկին տարել են բժիշկները, քանի որ նա վատ է զգացել հարկը սանիտարական մշակման ենթարկելուց հետո: