Մարդկանց ամբոխի մեջ կզանազանեն բույրով

09:19 • 06.02.14

Այսօր մեծ տարածում ունի մարդկանց ինքնության հաստատումը մատնահետքերի, դիմագծերի, աչքերի ցանցաթաղանթի, ձայնի և նույնիսկ վերջույթների անոթների միջոցով: Այս մասին հաղորդում է Вести.ru-ն:

 

Սակայն մարդու նույնականացման բոլոր տեխնոլոգիաները կարող են անցյալ դառնալ, քանի որ իսպանացի գիտնականները ստեղծել են մարդկանց՝ սեփական հոտի միջոցով ճանաչման կենսաչափական համակարգ:

 

Մադրիդի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների և Ilía Sistemas SL-ի ընկերության հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր մարդու մարմին արտազատում է ժամանակի ընթացքում շատ քիչ փոփոխվող որոշակի բույր:

 

Պարզվել է, որ ժամանակակից սարքավորումներն ընդունակ են տարանջատել այս կամ այն մարդուն պատկանող՝ օդում սավառնող միացությունները (բույրերը) և դրանց միջոցով 85% հավանականությամբ ամբոխի մեջ ճանաչել մարդկանց:

 

Սխալվելու՝ 15%-ի հավանականությունը կախված է դիետայի և մարդու տրամադրության փոփոխության, ինչպես նաև հիվանդության հետ:

 

Հետազոտության հեղինակները կարծում են, որ եթե նույնականացման մյուս տարբերակներից որոշ մարդիկ արդեն սովորել են խուսափել, ապա այս պարագայում դժվար թե հաջողվի:

 

Բացի այդ, բժիշկները տվյալ հետազոտության հիման վրա ցանկանում են թեստեր մշակել, որոնց շնորհիվ շնչառությոն միջոցով հնարավոր կլինի ախտորոշել լեյկեմիան և հաստ աղիքի քաղցկեղը: Գիտնականներն իրենց հետազոտության բոլոր մանրամասները դեռևս չեն բացահայտում:
 

Մարդկանց ամբոխի մեջ կզանազանեն բույրով