ՌԴ-ում բանակ են կանչել 16-ամյա աշակերտուհուն

15:45 • 06.02.14

ՌԴ Սվերդլովսկի շրջանի Վերխնյայա Պիշմա քաղաքի զինվորական կոմիսարիատը 16-ամյա Ալեքսանդր Պադալկոյին հաշվառման է վերցրել։ Երբ եկել է պարտադիր բուժզննման ժամանակը, պարզվել է, որ զորակոչիկը ոչ թե Ալեքսանդր է, այլ Ալեքսանդրա՝ իգական սեռի ներկայացուցիչ։

 

ИТАР-ТАСС-ի թղթակցի հետ զրույցում զինկոմիսարիատից տեղեկացրել են, որ իրենք մեղավոր չեն։ «ՌԴ պաշտպանության նախարարության հրամանով՝ գյուղապետները պետք է ներկայացնեն մեզ այն երիտասարդների ցանկը, որոնք պետք է զինվորական հաշվառում անցնեն։ Այդ ցուցակն էլ հիմք ընդունելով մենք երեխաներին կանչում ենք բուժզննման»,-ասել են կոմիսարիատում։

 

Ըստ նրանց՝ վարչական աշխատողները ցուցակում սխալ են թույլ տվել։ Տղայի փոխարեն այնտեղ հայտնվել է աղջկա անուն, ում էլ բուժզննման ներկայանալու համար գրություն է ուղարկվել։ «Մենք զանգահարել ենք աշակերտուհու հորն ու ներողություն խնդրել։ Ավելին, մենք նրան առաջարկել ենք դստերն ուղարկել ռազմական ուսումնարան»,-ասել են կոմիսարիատում։

 

Նման միջադեպ այդ շրջանում առաջին անգամ է տեղի ունենում։