Մոսկովյան դպրոցի հրաձիգը մեծացել է հատուկ ծառայությունների աշխատակիցների ընտանիքում. Известия

10:51 • 06.02.14

Մոսկվայի Օտրադնոյե շրջանի դպրոցներից մեկում հրաձգություն իրականացրած և 2 մարդու սպանած աշակերտի՝ Սերգեյ Գորդեևի մասին նորանոր տեղեկություններ են ի հայտ գալիս։

 

Ինչպես նշում է Известия-ն, այժմ պարզվել է, որ դեռահասը մեծացել ու դաստիարակվել է հատուկ ծառայությունների բարձրաստիճան աշխատակիցների ընտանիքում։ Նրա հայրը գաղտնի ծառայությունների աշխատող է, իսկ պապը՝ Անվտանգության դաշնային ծառայության գեներալ։

 

Գորդեևի ընկերները պատմել են, որ հրաձգությունից 2 օր առաջ նա վիճել է ծնողների հետ ու ընկերներից մեկին ասել, որ կորցրել է իր նպատակների հանդեպ հավատը։

 

Նրանք նաև հավելել են, որ դեռահասը մեծացել է կիրթ ընտանիքում, և առաջին դասարանից սկսած բացարձակ գերազանցիկ է եղել։ Ընկերներն անհեթեթ են համարում այն վարկածը, որ Գորդեևը կարող էր սպանել աշխարհագրության ու կենսաբանության ուսուցչին միայն ցածր գնահատականի պատճառով։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալը ևս նշել է, որ նպատակ չուներ սպանել  ուսուցչին, սակայն արել է դա, քանի որ վերջինս մոտեցել է իրեն ու փորձել ձեռքից վերցնել հրացանը։

 

Աղբյուրը նշում է նաև, որ 10-րդ դասարանի աշակերտը մեծացել է ուղղափառ ընտանիքում, ու նրան մանկուց սովորեցրել են հավատալ Աստծուն, մշտապես պատմել են դրախտի ու դժոխքի մասին։ Տղան իր մտերիմ ընկերների հետ շատ է խոսել այն մասին, որ ուզում է մահանալ, սակայն վախենում է դրանից։

 

Գորդեևի փաստաբանը՝ Եվգենյա Մարտինովան, նշել է, որ տղան իրականում զենքով դպրոց է ներխուժել ոչ թե ուրիշներին սպանելու, այլ ինքնասպան լինելու համար, ինչը նրան չի հաջողվել։ Մարտինովան ընդգծել է, որ նման իրավիճակներում շատ հաճախ հայտնվում են այն երեխաները, որոնք արտաքուստ շատ հանգիստ են, շատ կարդացած, սակայն՝ պատասխանատվության զգացման ու ուսման պահանջների առումով ճնշված։

 

Հիշեցնենք, որ Գորդեևի ծնողները հրաժարվել են կապ հաստատել իրավապահ մարմինների հետ, ինչը նշականում է, որ նրանք հրաժարվում են նաև որդու պաշտպանությունից։ Այժմ Գորդեևը դատարանի վճռով առնվել է երկամսյա կալանքի տակ։