ՄՄ-ին անդամակցելու համար խաղի ընդհանուր կանոններ կան, որով պարտավոր է առաջնորդվի Հայաստանը. Շավարշ Քոչարյան

21:00 • 06.02.14

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բացառում է, որ Մաքսային միությանն անդամակցելիս ՀՀ-ին ավելի վատ պայմաններ կառաջարկեն, քան մյուս անդամ երկրներին, թեև չի հերքում՝ կան խաղի ընդհանուր կանոններ, որով պարտավոր է առաջնորդվի նաև Հայաստանը։

 


«Խնդիրն այն է, որ Մաքսային միության տարածքի երկրներում կան խաղի ընդհանուր կանոններ և բնական է, որ դու այդ խաղի կանոններով պետք է առաջնորդվես։ Այսինքն՝ բացառվում է, որ այնպիսի բան լինի, որ ՀՀ-ին ավելի վատ պայմաններ առաջարկեն, քան մյուսներին։ Իրականում դրանք ընդհանուր խաղի կանոններ են»,- մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 


Փոխնախարարը միաժամանակ համաձայնեց, որ դա կտրուկ անցում է և հնարավոր է որոշ հարցերում խնդիրներ առաջանան։ «Այլ բան, որ դա կտրուկ անցում է և որոշ հարցերում կարող է խնդիրներ առաջացնել և այլ բան, որ բանակցվելու են այն անցումային դրույթները, որոնք կմեղմացնեն այնտեղ, որտեղ կարող է լինել բացասական ազդեցություն»,- նշեց նա։

 


Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանն այս իրավիճակից չի կարող բացառապես շահող դուրս գալ, չնայած բանակցություններով արվելու են ամեն ինչ, որ առավելագույնս ընդունելի պայմաններ լինեն։

 


«Կան ընդհանուր պայմաններ, ինչպես մնացած պետությունների համար, դու միանում ես այդ պայմաններին, կան դեպքեր, որ մեր համար շատ ավելի ձեռնտու է, քան ներկա իրավիճակը, և կան դեպքեր, որ այդ միանալը առաջացնում է որոշակի խնդիրներ, որն իր հերթին պետք է բանակցությունների առարկա դառնա, որպեսզի, օրինակ, լինեն անցումային դրույթներ։ Դա կերևա բանակցություններից հետո, երբ արդեն լինի պայմանագիրը և դրան կից հավելվածները, նշված կլինի, թե որտեղ ինչ անցումային դրույթներ կան, կամ որ դրույթն է, որը մենք չենք ընդունում, այսպես կոչված, «изъятие»»,- ասաց նա։

 


Ինչ վերաբերում է արդեն իսկ ներկայացվող բարձր մաքսատուրքերին, ապա փոխարտգործնախարարը համաձայնեց, որ, իհարկե, կան մաքսատուրքերի տարբերություններ, բայց խորհուրդ տվեց բանակցություններից առաջ չընկնել։

 


«Հայաստանն առանձին սննդամթերքի համար ավելի ցածր մաքսատուրքեր ունի, քան Մաքսային միության մյուս երկրները։ Այդ տեսակետից, եթե դու միանում ես ՄՄ-ին, դու հայտնվում ես երկակի վիճակում։ Մի կողմից՝ բարձրացնել մաքսատուրքերը այլ պետություններից ներկրվող սննդամթերքի համար, մյուս կողմից՝ որևէ մաքսատուրք չի լինի ՄՄ երկրներից եկող ապրանքների համար։ Այստեղ հաշվարկ է պետք։ Ամեն դեպքում նմանատիպ զգայուն ապրանքների նկատմամբ բնական է՝ ցուցակներ են կազմվում և այդ բոլորը բանակցվելու է։ Այստեղ լինելու են դեպքեր, որ այս կամ այն ապրանքի համար նշանակվեն որոշակի անցումային դրույթներ»,- ասաց նա։

 


Շավարշ Քոչարյանը նշեց, թե գումարայինի հետ կապված վաղ է խոսել, քանի որ այդ ցուցակը նոր է կազմվում ու դեռ բանակցություններ էլ չկան։

 


Շավարշ Քոչարյանը նաև հուշեց, թե Ճանապարհային քարտեզն ընդամենը փաստաթուղթ է, համաձայն որի՝ ՀՀ-ն պետք է կատարի որոշակի քայլեր, որից հետո միանալու խնդիրը լուծվի։

 


«Պետք է լինի պայմանագիր, պայմանագրին կից պետք է լինեն հավելվածներ, և բնական է, որ չի կարող ուժի մեջ մտնել առանց ԱԺ վավերացման։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ պայմանագիրը պարտադիր պետք է անցնի Սահմանադրական դատարանով։ Սա է իրավական գործընթացը և այսօրվանից խոսել, թե ճանապարհին քարտեզը իրավական է, իրավական չէ, վաղ է»,- նշեց նա։